38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սառույցը կոտրվեց, իսկ կախարդական շրջա՞նը…

Սառույցը կոտրվեց, իսկ կախարդական շրջա՞նը…
29.08.2008 | 00:00

ԱՎԱՐՏ
Օգոստոսի 26-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը շնչում էր Պեկինի օլիմպիական խաղերով։ Հազարավոր երևանցիներ (և ոչ միայն) եկել էին մասնակցելու 29-րդ օլիմպիական խաղերի մեր հերոսների մեծարման արարողությանը։ Մեր «բրոնզաձույլ» տղաներին ողջունեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։
Սերժ Սարգսյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հաջողության մեջ։
ՀԱՕԿ-ի նախագահը շնորհակալություն հայտնեց ծանրամարտի, հունահռոմեական ըմբշամարտի և բռնցքամարտի հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանին, Լևոն Ջուլֆալակյանին և Ռաֆիկ Մեհրաբյանին, ինչպես նաև բրոնզե մեդալներ նվաճած մարզիկներին և հույս հայտնեց, որ Լոնդոնում մեր մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլինի, իսկ մեդալները՝ ավելի ազնիվ ձուլվածքի։
Մարզիկների անունից շնորհակալական խոսք ասաց Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը։
Մինչև ուշ երեկո Հանրապետության հրապարակում թևածում էր ոսկու փայլով բրոնզե ոգևորությունը: Բրոնզե փայլից հատկապես ոգևորվել էին կաշվե ձեռնոցի բազմահազար երկրպագուները, որոնք այս օրվան սպասել էին ամբողջ 32 տարի, և ահա այն եկել էր։ 60 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Եվրոպայի 2006 թ. առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր, աշխարհի վերջին առաջնության 5-րդ մրցանակակիր, վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
-Վանաձորի բռնցքամարտի դպրոցը լավագույններից մեկն է հանրապետությունում։ Տարբեր տարիների աշխարհի, Եվրոպայի առաջնություններից և միջազգային մրցաշարերից տարբեր որակի մեդալներով են տուն վերադարձել Սամսոն Խաչատրյանը, Արթուր Միքայելյանը, Արտակ Մալումյանը, Վախթանգ Դարչինյանը, Բաբկեն Սահրադյանը, իսկ այսօր էլ գլխավոր հավաքականի դռներն են բախում պատանիների ու երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիրներ Սամվել Մաթևոսյանն ու Տիգրան Միսակյանը։ Այս տղաները, ինչպես նաև Հրաչիկ Ջավախյանը, մարզվում են Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Միսակյանի գլխավորությամբ,- ասում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը։- Հրաչիկը բավականին փորձառու բռնցքամարտիկ է, բայց այն, ինչ տեսավ Պեկինում, վեր էր նրա երևակայությունից։ Օրինակ, դժվար թե երբևէ մտքով անցներ, որ կհանդիպի օլիմպիական չեմպիոնի հետ։ Հանդիպեց և... սարսափելի ոչինչ։ Աթենքի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոն այս մարտում մեր մարզիկի կողմից հանդիպեց լուրջ դիմադրության։ Բավական է ասել, որ առաջին երկու ռաունդներում կողմերի ուժերը գրեթե հավասար էին, սակայն հետագայում, նաև մրցավարի օգնությամբ, ապագա չեմպիոնն աստիճանաբար զարգացրեց հաջողությունը և դուրս եկավ եզրափակիչ։ Այս մարտում Ջավախյանն ավելի շատ մրցակցին զիջեց հոգեբանական պատրաստականությամբ և մրցակցական փորձի պակասով։ Իհարկե, միանշանակ չի կարելի ասել, որ նա կարող էր հաղթել, բայց որ մինչև վերջ պայքարեց, դա արդեն փաստ է։
Հրաչիկի հաջողությունը մեզ համար չափազանց կարևոր էր։ Այժմ արդեն տղաները կսկսեն հավատալ, որ իրենք էլ կարող են օլիմպիական մեդալներ նվաճել։
-Մեր մյուս տղաների մասին ի՞նչ կասեիք։
-Նախ՝ շատ եմ ցավում Անդրանիկ Հակոբյանի համար։ Մեր 75 կգ քաշային մարզիկն առաջին մարտում 14։8 հաշվով պարտության մատնեց գանացի Ահմեդ Սարակուին, իսկ ահա ՈՒզբեկստանի ներկայացուցիչ Էլշոդ Ռասուլովի հետ մարտում, որը բավականին փորձառու և դժվարին հակառակորդ էր, վնասվածք ստացավ, և մրցավարը դադարեցրեց հանդիպումը։
Իմ կարծիքով՝ վատ չմասնակցեց նաև 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը։ Առաջին փուլում նրա մրցակիցն էր կամերունցի Էսոնգբան։ Առաջին ռաունդն ավարտվեց Դանիելյանի հաղթանակով՝ 3։1։ Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև երկրորդ ռաունդում։ Երրորդում մրցակիցն անցավ վճռական գործողությունների, սակայն պայքարի ելքն արդեն վճռված էր հօգուտ մեր բռնցքամարտիկի, որն առավելության հասավ 9։3 հաշվով և մտավ 1/8 եզրափակիչ։ Այստեղ Հովհաննեսը հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Աթենքի օլիմպիական խաղերի մրցանակակիր Բիրժան Ժակիպովի հետ։ Առաջին ռաունդն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2, սակայն երկրորդ ռաունդում մրցակիցն անցավ կտրուկ գործողությունների և հաղթեց 5։1 հաշվով, և հենց այս ռաունդն էլ նրա առջև բացեց հաջորդ փուլի դռները։ Մնում է ափսոսալ, որ վիճակահանության քմահաճույքով Դանիելյանը դուրս մնաց հետագա պայքարից, իսկ ահա նրանից թույլ մարզիկներն ավելի բարձր տեղեր գրավեցին։
Ինչ վերաբերում է երիտասարդների աշխարհի չեմպիոն Էդուարդ Համբարձումյանին, ապա նրանից ակնկալիքներն ավելի մեծ էին։ Թվում էր՝ վիճակահանությունն էլ նրա համար հաջող էր ստացվել։ Մինչև հիմնական մրցակիցները պետք է հանդիպեր Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի հետ, սակայն պարզվեց, որ... 64 կգ քաշային կարգի ապագա չեմպիոնը հենց նա էր...
-Այսքանից հետո արժե՞ հարցնել՝ Դուք հասա՞ք Ձեր նպատակին, թե՞ ոչ։
-Իհարկե, արժե։ Բացթողումներին անդրադառնալով՝ պարզապես ցանկացա նշել, թե հետագայում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Ինչ վերաբերում է նպատակին, ես կասեի՝ երազանքին, ապա այն կատարվեց, և դրան սպասել էի շատ երկար։ Բանն այն է, որ ես մասնակցել եմ ինը օլիմպիական խաղերի, մոնրեալյան օլիմպիադայում պատվո պատվանդանի բրոնզե աստիճանին տեսել Դավիթ Թորոսյանին և այդ հաջողությունից հետո երազում էի նոր մրցանակային փայլատակումների մասին, մանավանդ որ դրա համար ստեղծվել էր բավականին պարարտ հող։
ՈՒնեինք մեծ թվով համաշխարհային կարգի բռնցքամարտիկներ, որոնք բազմաթիվ մեդալներ էին նվաճել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, իսկ ահա օլիմպիական խաղերում այդպես էլ չկարողացան բարձրանալ պատվո պատվանդան։ Դա ուղղակի անհասկանալի էր։ Պեկինում մենք կարողացանք հաղթահարել այդ հոգեբանական արգելքը։ Տղաները հավատացին, որ իրենք էլ կարող են մեդալ նվաճել։ Այնպես որ հաջորդ՝ 2012 թվականի խաղերը մեզ համար պետք է ավելի հաջող լինեն։ Մենք հիմնականում խնդիրներ ենք ունենում ընտրության հարցում։ Եթե Կուբայում, որը, ի դեպ, այս անգամ ոչ մի չեմպիոն չտվեց, 300-400 բռնցքամարտիկից են մեկին ընտրում, մեզ մոտ, լավագույն դեպքում, ընտրում ենք 3-4-ից։ ՈՒրիշ հիմնախնդիրներ էլ կան, սակայն այսօր տոն է, և չեմ ցանկանում այն փչացնել։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ոգևորությունը, ուրախությունն ու ցնծությունն ինձ կրկին հիշեցրին «Արարատ-73»-ի ոսկե վերելքը։ Մեր ժողովուրդը վաղուց կարոտ էր նման համաժողովրդական տոնի, իսկ մարզիկներն էլ իմացան, թե կատարյալ երջանկության համար հայ ժողովրդին ինչը չի բավականացնում։ Այնպես որ, արդեն այսօրվանից նրանք կսկսեն նախապատրաստվել հաջորդ խաղերին։
-Մինչև Լոնդոնը դեռ բավական ժամանակ կա։ Իսկ առաջիկայում ի՞նչ է սպասվում։
-Տարին բռնցքամարտիկների համար դեռ չի ավարտվել։ Նոյեմբերին Անգլիայում կանցկացվի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Մի փոքր հանգստից հետո կսկսենք նախապատրաստվել այդ մրցումներին և կաշխատենք Պեկինի վրիպումները շտկել։ Մրցումային փորձի առումով բավականին լավ դպրոց կլինի նաև Էդուարդ Արիստակեսյանի հիշատակին նվիրված միջազգային խոշոր մրցաշարը։ ՈՒզում եմ նաև ուրախալի լուր հայտնել։ Պեկինում որոշվեց, որ հաջորդ տարվա պատանիների աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում։ Մնում է, որ կարողանանք պատանեկան այդ ստուգատեսը վերածել մարզական մեծ տոնի, ինչը կարող է հնարավորություն տալ, որ Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ Երևանում անցկացվի նաև վարկանիշային մրցաշար։
Զրույցը՝ Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5124

Մեկնաբանություններ